«Ագարակ» սահմանային անցակետում նոյեմբերի 24-ին Իրանից ՀՀ ժամանած բեռնատարի կցորդում հայտնաբերվել է 161 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ թմրամիջոցը հայտնաբերվել է Թուրքիայի քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարի կցորդի առջևի մասում գտնվող գաղտնարանում։ Ըստ գերատեսչության՝ թմրամիջոցը պետք է բեռնատար ավտոմեքենայով ՀՀ տարածքով տեղափոխվեր Վրաստան։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ Թուրքիայի քաղաքացի Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, առավելագույն պատիժը՝ 12 տարվա ազատազրկում), 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն, առավելագույն պատիժը՝ 10 տարվա ազատազրկում) և 43-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն նախապատրաստելը): Նա կալանավորվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







