ԱՄՆ-ի 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար, Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ այն (ԱՄՆ-ի ծրագիրը — խմբ․) կարող է հիմք հանդիսանալ [Ուկրաինայում] վերջնական խաղաղության հաստատման համար»,- հայտարարել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ այդ տեքստն իրենց հետ մանրամասն չի քննարկվել։ «Եվ կարող եմ կռահել, թե ինչու։ Կարծում եմ՝ պատճառը նույնն է. ԱՄՆ վարչակազմը մինչ օրս չի կարողացել ապահովել ուկրաինական կողմի համաձայնությունը։ Ուկրաինան դեմ է դրան»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական կարգավորման մասին խաղաղ նախաձեռնությունները դեռևս Ալյասկայի գագաթնաժողովից առաջ։ Պուտինն ընդգծել է, որ ԱՄՆ-ն խնդրել է Ռուսաստանին ճկունություն ցուցաբերել նախնական քննարկումների ընթացքում, ՌԴ-ն դրական պատասխան է տվել։
Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների, բայց նաև գոհ է առաջնագծում տիրող դինամիկայից՝ հաշվի առնելով Կիևի կողմից կարգավորման մերժումը, որը հանգեցրել է հատուկ ռազմական գործողության նպատակներին ռազմական ճանապարհով հասնելուն։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում խոսել է երկրի պատմության «ամենադժվար պահերից մեկի» մասին։
«Ուկրաինայի վրա ճնշումն այժմ ամենաբարդերից մեկն է։ Ուկրաինան կարող է բախվել շատ դժվար ընտրության՝ արժանապատվության կորստի կամ հիմնական գործընկերոջը կորցնելու սպառնալիքի։ Կա՛մ բարդ 28 կետ, կա՛մ շատ բարդ ձմեռ»,- Զելենսկիի խոսքերն է մեջբերում ուկրաինական «Ստրանա» հրատարակությունը։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ ցանկանում է փոփոխություններ կատարել ծրագրում, որպեսզի այն արտացոլի «ուկրաինացիների պատիվն ու արժանապատվությունը»։ Ավելի ուշ նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի հետ քննարկել է ամերիկյան խաղաղության առաջարկի «շատ մանրամասներ»։
Իր հերթին՝ ԱՄՆ նախագահը Fox News-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ Ուկրաինան «շուտով» կկորցնի դեռևս վերահսկվող տարածքները։
«Նրանք կարճ ժամանակահատվածում կկորցնեն [տարածքներ, որոնք դեռևս չեն կորցրել հակամարտության ընթացքում]»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով շփման գծում ստեղծված իրավիճակը։
Զելենսկին ծրագիրը հեռախոսով քննարկել էր Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ։ Axios պարբերականը նոյեմբերի 21-ին ներկայացրել էր Թրամփի 28 կետից բաղկացած ծրագրի մանրամասները: Ըստ Bloomberg-ի՝ ԱՄՆ-ն ծրագրի իրագործման համար Կիևի համար սեղմ ժամկետներ է սահմանել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







