ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է 7 անձի, այդ թվում՝ Հարթագյուղի նախկին համայնքապետին առնչվող գործի նախաքննության ավարտի մասին:
Ըստ կոմիտեի՝ հիմնավորվել է, որ 1996-2021 թվականներին Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած անձը համայնքի 10 միլիոն դրամ շուկայական արժեք ունեցող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 1,11035 հա մակերեսով հողատարածքն ապօրինի կերպով օտարել է իր որդուն:
Պարզվել է, որ համայնքապետը, խախտելով օրենքով սահմանված հրապարակային սակարկությունների կարգը, որդու բացակայության պայմաններում 2019 թվականի մայիսի 6-ին ձևականորեն կազմակերպել և աճուրդային հանձնաժողովի 5 անդամի օժանդակությամբ անցկացրել է հողամասի ձևական աճուրդ-վաճառք, որի արդյունքում հաղթող է ճանաչել որդուն: Դրանից հետո վերջինս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտե, և նշված հողատարածքի նկատմամբ գրանցվել է նրա սեփականության իրավունքը, նշված է ՀԿ-ի հաղորդագրության մեջ:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար համայնքի նախկին ղեկավարին և նրա որդուն մեղադրանք է ներկայացվել: Հակակառուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ մեղադրանքներ են ներկայացվել նաև համայնքի ղեկավարին օժանդակած՝ աճուրդային հանձնաժողովի 5 անդամին:
Վերը նշված 7 անձի, այդ թվում՝ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







