Հոկտեմբերի 25-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշեն տարածքային կառույցի անդամ Շմավոն Աթոյանի մահվան առնչությամբ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, Armenia Today-ը տեղեկացել է ՔԿ-ից։
Մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն, առավելագույն պատիժը՝ ազատազրկում՝ 15 տարով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարով): Կոմիտեից հավելել են, որ նա կալանավորվել է։
Նոյեմբերի 4-ին Armlur.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ 33-ամյա Աթոյանի սպանության պատճառ է դարձել անձնական հարցը։ Ըստ լրատվամիջոցի՝ կնոջը նեղացնելու համար լարվածություն է ստեղծվել, ինչի հետևանքով կրակոց է հնչել։
ՀՀ ՆԳՆ-ն պաշտոնապես հայտնել էր, որ հոկտեմբերի 25-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել, որ Դավթաշենի երրորդ թաղամասում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրազենային վիրավորմամբ բուժօգնության տեղափոխված Աթոյանը, գիտակցության չգալով. մահացել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







