Վրաստանի կառավարությունը հաստատել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրահանգը՝ ընդհանուր 1,5 միլիոն լարի (մոտ 553,500 դոլար) արժողությամբ գեներատորներ ուղարկել Ուկրաինա, Ekhokavkaza-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Վրաստանի կառավարությունը։
Ըստ որոշման՝ գեներատորների ձեռքբերմամբ պետք է զբաղվի Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամը։ Վրաստանը պարբերաբար մարդասիրական օգնություն է տրամադրում Ուկրաինային․ 2023 թվականի սկզբին վրացական իշխանություններն Ուկրաինային էին փոխանցել 25 գեներատոր՝ ընդհանուր ավելի քան 500 հազար դոլար արժողությամբ։
Այնուամենայնիվ, երկու երկրների քաղաքական հարաբերությունները փաստացի սառեցված են։ Դրանք սրվել էին, երբ «Վրացական երազանք» կուսակցությունը 2022 թվականին՝ Ռուսաստանի ներխուժումից հետո, հրաժարվել էր միանալ Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին։ Վրաստանը մի քանի անգամ հրաժարվել է նաև Ուկրաինային ռազմական տեխնիկա մատակարարել՝ նախընտրելով մարդասիրական աջակցությունը։
«Վրաստանը ցուցաբերում է լիարժեք և բացարձակ քաղաքական աջակցություն Ուկրաինային։ Նա նաև մարդասիրական օգնություն է տրամադրում իր հնարավորություններից վեր, սակայն ռազմական օգնություն մենք չենք կարող և չենք տրամադրի»,- 2022 թվականին հայտարարել էր «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն։
2024 թվականին Հայաստանը նույնպես մարդասիրական օգնություն էր ուղարկել Ուկրաինայի պաշտպանության նախարարության ռազմական հոսպիտալին՝ մոտ 10 տոննա դեղորայք և բժշկական այլ միջոցներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







