Սա պատերազմ է, որը երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth social սոցիալական կայքում՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը։
Նա գրառում է արել՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Սպիտակ տանը նախօրեին կայացած հանդիպման արդյունքներով։ Թրամփն ասել է, որ թե՛ Զելենսկուն, թե՛ ավելի վաղ կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հորդորել է դադարեցնել պատերազմն ու համաձայնություն կնքել։
«Բավականաչափ արյուն է թափվել։ Նրանք պետք է դադարեցնեն այնտեղ, որտեղ գտնվում են։ Ամեն շաբաթ հազարավոր մարդիկ են կոտորվում»,- գրել է նա։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Զելենսկու հետ հանդիպմանը խոսել է հակամարտությանը վերջ տալու հնարավորության մասին։
Զելենսկու հետ հանդիպումից մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ։ Նախագահները համաձայնել էին անցկացնել ավագ խորհրդականների հանդիպում (ամերիկյան կողմից պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ), ապա անձամբ հանդիպել Հունգարիայում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







