«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող, «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը սեպտեմբերի 25-ին հրապարակել է ավելի քան 10 անդորրագիր՝ հայտարարելով, որ տնօրենների խորհրդի նախագահի տեղակալի աշխատավարձը փոխանցել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ բարեգործական նպատակներով:

«Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս, որտեղ աշխատավարձ չեմ ստանում իմ ցանկությամբ, տարիներ շարունակ որպես նախագահի տեղակալ աշխատավարձ եմ ստացել»,- գրել է Կարապետյանը:
ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահը մի քանի անդորրագիր է հրապարակել՝ շարունակելով. «Մի քիչ տխուր լուր։ Այս անգամ էլ չկպավ»:
Նա ընդգծել է, որ տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա:



ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը սեպտեմբերի 25-ին պնդել էր, թե Կարապետյանը 2017-2024 թվականներին ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 396 մլն 198 հազար 663 դրամ աշխատավարձ, ինչը ներազդել է էլեկտրաէներգիայի սակագնի վրա:
Ընկերության վերահսկողական կոմիտեն, արձագանքելով, Պետրոսյանին առաջարկել էր հերքել հրապարակած տեղեկությունը: Կոմիտեում Պետրոսյանի հայտարարությունը «սխալ տեղեկություն» են անվանել։ «Նորաթուխ էներգետի՛կ, տնօրենների խորհրդի աշխատավարձը տալիս է սեփականատերը՝ իր գրպանից, և այն որևիցե կերպ չի ազդում սակագնի վրա»,- ասված է ընկերության վերահսկողական կոմիտեի հայտարարության մեջ։
Կոմիտեն հավելել է, որ ՀԷՑ-ի՝ ՔՊ կառավարչի ամսական աշխատավարձը 5 մլն 200 հազար դրամ է, իսկ տարեկան՝ 62 մլն 400 հազար դրամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







