ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՀՀ-ում ԵՄ դեսպանության գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել՝ ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների։
Նա իր մարմնին ամրացրել է պաստառներ, որոնց վրա անգլերեն լեզվով գրված էր՝ «Ազատությո՛ւն Բաքվում գտնվող հայ պատանդներին», իսկ ձեռքերը ձեռնաշղթաներով ամրացված էին գրասենյակի դարպասներին։
Մեկ ժամ տևած լուռ ակցիայից հետո երիտասարդ ՀՀԿ անդամներից մեկը խորհրդանշական ձևով «ազատել է» Աշոտյանի ձեռքերը՝ բացելով ձեռնաշղթաները։
Աշոտյանը լրագրողներին պարզաբանել է, թե ինչու է հենց ԵՄ-ի գրասենյակի մոտ իրականացրել ակցիան։ Ըստ նրա՝ ԵՄ-ն երկար տարիներ Հայաստանում ներկայացել է որպես արժեքների կրող կառույց։ Բացի այդ, ինքը ևս հանդիսացել է այդ արժեքներին հավատացող ու քարոզիչ։
«Ես ունեմ բարոյական իրավունք այս կառույցի ներկայացուցիչներից պահանջել չլռել, հավատարիմ լինել իրենց սեփական կառուցած արժեքներին, մարդու իրավունքները չդարձնել գեոպոլիտիկ սարկավորումների առարկա, աչք չփակել՝ անկախ նրանից, թե Հայաստանի գործող ռեժիմը որքանով է ձեռնտու իրենց, աչք չփակել նաև տասնյակ հարյուրավոր, եթե չասեմ՝ հազարավոր խեղված ճակատագրերի, Հայաստանում ավտորիտարիզմի զարգացման և Նիկոլ Փաշինյանի խայտառակ հակաժողովրդավարական գործելաոճի վրա»,- նշել է նա։
Քաղաքական գործչի խոսքով՝ պայքարի համար ընտրված օրը պատահական չէ: Այսօր՝ օգոստոսի 30-ին, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան 65-ամյակն է, որը նա դիմավորելու է իր ընտանիքից հեռու:
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Նրանց թվում Արցախի նախկին ղեկավարներն են։ 2023-ի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







