ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ չգիտի՝ կհանդիպի՞ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և նշել է, որ հրաժարվում է մասնակցել նման շփումներին։
«Չգիտեմ՝ կհանդիպե՞ն, թե՞ ոչ։ Գուցե հանդիպեն, գուցե՝ ոչ»,- ասել է ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունգի հետ հանդիպման սկզբում՝ պատասխանելով Պուտինի և Զելենսկիի հնարավոր հանդիպման ժամկետների մասին հարցին։
Նա նաև վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կկարգավորվի։
«Նրանք ցանկանում են, որ ես ներկա լինեմ հանդիպմանը։ Ես ասացի՝ Դուք պետք է որոշեք սա, սա ձեր գործն է, մեզ չի վերաբերում»,- հավելել է Թրամփը։
Օգոստոսի 22-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Պուտինի և Զելենսկու միջև հանդիպում նախատեսված չէ։ Ռուս դիվանագետի խոսքով՝ Պուտինը պատրաստ կլինի դրան, երբ օրակարգը հստակեցվի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







