Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանն այսօր կայացած հեռախոսազրույցում քննարկել են իրադրությունը Հարավային Կովկասում, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքէջը:
Պուտինն իրանցի պաշտոնակցին տեղեկացրել է Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովի արդյունքների մասին։ Փեզեշքիանն, իր հերթին, աջակցություն է հայտնել դիվանագիտական ջանքերին, որոնք ուղղված են Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են նաև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, վերահաստատել տարբեր ոլորտներում ռուս-իրանական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Պուտինն ու Փեզեշքիանը պայմանավորվել են հանդիպել առաջիկա ՇՀԿ գագաթնաժողովում, որը նախատեսվում է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Տյանցզին քաղաքում։
Օգոստոսի 22-ին հեռախոսազրույց էին ունեցել երկու երկրների արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին: ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ պաշտոնական Մոսկվան հաստատել էր Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված ջանքեր ներդնելու պատրաստակամությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







