Դատարանը օգոստոսի 21-ին երեք ամսով երկարաձգեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «իշխանությունը զավթելու փորձի» գործով մյուս մեղադրյալների կալանքը։
«Ես չափազանց լավ եմ զգում ինձ, որ այլ որոշում չկայացրիք, դա ինձ համար մահ կլիներ: Ես կատարյալ իմաստով հիմա ազատության մեջ եմ, և շնորհակալություն, որ իմ ազատության ժամկետը երկարացրիք»,- ասաց արքեպիսկոպոսը կալանքի որոշումը լսելուց հետո։
Ի պատասխան դատախազի հիմնավորմանը, թե ռիսկ կա, որ սրբազանը կարող է փախուստի դիմել, նա շեշտեց, որ եթե երկրից փախչող լիներ, դա ավելի վաղ կաներ՝ դեռ մայիսի 11-ին, երբ գնացել էին իր տուն խուզարկության, ինչը, ինչպես պնդեց, իրեն հայտնի էր։
Նախորդ օրը դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգել էր նաև գործով մեղադրյալներից Լիդյա Մանթաշյանի կալանքը՝ բավարարելով դատախազի միջնորդությունը:
Խափանման միջոցի միջնորդության այսօրվա դատական նիստն առանց պաշտպանների ընթացավ, նրանք եկել էին ու ամբողջ օրվա ընթացքում մնացին դատարանի բակում: Պաշտպանների խոսքով՝ սա բողոքի ակցիա էր ընդդեմ իրավիճակի, որ ինչ փաստարկ ու հիմնավորում էլ ներկայացվի, դատարանը կայացնում է միևնույն որոշումը: Փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ դա պարզ էր արդեն Լիդիա Մանթաշյանի կալանքի երկարաձգման օրինակից։
Դատարանի բանկում նաև միջադեպ տեղի ունեցավ, ոստիկանների և քաղաքացու միջև, որը փորձում էր ներս մտնել, բայց թույլ չէին տալիս՝ ասելով, որ դահլիճում այլևս տեղ չկա։
Բացի Բագրատ արքեպիսկոպոսից, երկարաձգվեց նաև պատգամավոր Արթուր Սարգսյանի և Արման Իսրայելյանի կալանքը: Երեք ամսով կալանավորվեց ակտիվիստ Վահագն Չախալյանը: Մեղադրյալ Արա Ռոստոմյանի կալանքը փոխարինվեց եռամսյա տնային կալանքի խափանման միջոցով:
Մանրամասն՝ Armenia Today-ի տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







