Armenian Airlines ավիաընկերությունը փետրվարի 21-ից սկսում է ուղիղ չվերթեր Երևանից դեպի Հայաստան, Armenia Today-ին հայտնել են ավիաընկերությունից՝ հստակեցնելով, որ սա Հայաստանի և Հնդկաստանի միջև առաջին ուղիղ ավիահաղորդակցությունն է։
Չվերթերը նախատեսվում է իրականացնել շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ Airbus 321-200 ինքնաթիռով, որը նախատեսված է 220 ուղևորի համար:
Երևան–Դելի չվերթի տևողությունը 4 ժամ, 40 րոպե է, հետադարձ չվերթը՝ 5 ժամ, 10 րոպե: Ավիաընկերությունից նաև հայտնել են, որ Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Դելի՝ «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից Երևանի տարածքով հարմար տրանսֆերային թռիչքների շնորհիվ:
«Հայկական ավիաուղիները» որպես առավելություն է նշել մինչև 7 կգ 55x40x20 սմ ձեռքի ուղեբեռը (մանրամասները՝ հղումով), 90% սակագնային զեղչը 0-2 տարեկան երեխաների համար, 15% սակագնային զեղչը 2-12 տարեկան երեխաների համար, ավիատոմսը մեկնելուց առաջ փոխանակելու և ինքնաթիռում տեղ ընտրելու հնարավորությունը:
«Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումը հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում և տոմսարկղերում»,- ասվում է Armenian Airlines-ի հաղորդագրության մեջ:
Ավիաընկերությունը նաև հայտնել է, որ այս տարի նախատեսված են մի շարք այլ նոր ուղղություններ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







