Երևանի Խաղաղ-Դոնի փողոցի 27/4 հասցեում գտնվող հոսթելում Հնդկաստանի քաղաքացիները վիճաբանել են, որի հետևանքով նրանցից երեքը դանակահարվել է, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին՝ ժամը 01։00-ին։ Նշվում է, որ 29-ամյա Հարինդեր Սինգխը, 28-ամյա Գովինդ Կումարը և նրանց ընկերները վիճաբանել են 20-ամյա Աջայ Ռաջպուտինի, Բանջլթի Բլինհարջուտինի և 34-ամյա Սոնյա Ռաչպուրի հետ, որի ընթացքում Կումարը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել Ռաջպուրին՝ պատճառելով քերծվածքի տեսքով մարմնական վնասվածքներ։
Ավելի ուշ Բլինհարջուտին եկել է խոհանոց, փորձել է Կումարի ձեռքից վերցնել դանակը, ինչի հետևանքով ձեռքի հատվածում վնասվածքներ է ստացել, իսկ վիճաբանության ժամանակ Սինգխը, Կումարը և նրանց ընկերները հարվածներ են հասցրել Ռաչպուրին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ոստիկանությունը հայտնաբերել է Սինգխին ու Կումարին և ներկայացրել բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ, նշել է կայքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







