Վայոց ձորի մարզի Արենի համայնքում սեպտեմբերի 14-15-ը կանցկացվի Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
«Արենիում հայտնաբերված հնագիտական նյութերը՝ գինու արտադրամասերը, խաղողի մնացորդներն ու աշխարհի ամենահին կոշիկը, առանձնացնում են այն՝ որպես գինեգործական մշակույթի ավանդական տարածքի»,- հայտնում է նախարարությունը:
Փառատոնին կմասնակցի շուրջ 40 արհեստագործ վարպետ Հայաստանից և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 10 երկրից՝ Ալբանիա, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա:
«Արենի համայնքում կներկայացվեն հայ և այլ ժողովուրդների ազգային արհեստները՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն, ծղոտագործություն և այլն: Երկու օր շարունակ կանցկացվեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ՝ ազգային երգ ու պար, լարախաղացություն, ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես, վարպետաց դասեր և հատուկ ծրագիր երեխաների համար»,- ասված է հաղորդագրությունում:
Կտրվի Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն և ամենամասնակցային միջոցառումներից մեկի՝ «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկը, որն այս տարի տեղի կունենա «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո, ինչպես նաև դրա շրջանակում կամփոփվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի հետ համատեղ Հայաստանում իրականացվող «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով միջազգային վերապատրաստման դասընթացը։
Միջոցառումները տեղի կունենան «Արենի Վայն» գինեգործարանի բացօթյա տարածքում, հայտնում են նախարարությունից։
«Արհեստների միջազգային առաջին փառատոնը» տեղի էր ունեցել 2022թ. վարպետների քաղաք Գյումրիում, «Արհեստների միջազգային 2-րդ փառատոնն» անցկացվել էր 2024թ.՝ Դիլիջանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







