ՀՀ կառավարության հունիսի 6-ի նիստում քննարկվել են մայիսի 26-ին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման և փոխհատուցման հետ կապված հարցեր։
Կապի վերականգնում
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ Լոռու և Տավուշի մարզերում՝ աղետի գոտում, մինչև հունիսի 7-ը կլինի ինքնաշեն ժամանավոր կամուրջ՝ արդեն մեքենաների համար։ Նա հավելեց, որ այժմ այնտեղ շինարարության իրականացման փուլ է ընթանում։
«Մենք արդեն չորս հետիոտնային կամուրջ ունենք, որոնք հեշտացրել են հաղորդակցությունը վնասված ավտոմոբիլային կամ հետիոտնային կամուրջների փոխարեն»,- ասաց նախարարը։
Ըստ նրա՝ աղետի հետևանքները վերացնելու բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքները շարունակվում են, շատ տեղեր այլևս առաջվա տեսքը չունեն, մաքրվել են։ Նա նշեց, որ կոմունալ ծառայությունները մեծամասամբ վերականգնված են։
«90%-ով վերականգնվել է ջամատակարարման, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման հարցը, որոշ հատվածներում դեռ խնդիր կա»,- պատմեց Սանոսյանը։
Նա տեղեկացրեց, որ Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են, սակայն որոշ հատվածներում վնասված հատվածների պատճառով երթևեկությունը միակողմանի է և կոչ արեց վարորդներին զգուշություն ցուցաբերել։
Նախարարը հավելեց, որ դիզելային վառելիքի մատակարարման հարցը ևս լուծված է։
«Երեկ արդեն հանրապետության տարբեր վայրեր դիզվառելիք ենք սկսել մատակարարել, դրա քանակն ավելի շատ է, քան հանրապետությունում առկա մեքենաներն են, համագործակցում ենք, որ հավելյալ մեքենաներ ներգրավենք»,- նշեց նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ երկաթգծի վերականգնման ուղղությամբ ռուսաստանցի գործընկերները բավականին լայնածավալ աշխատանք են իրականացնում։
«Կամուրջների շինարարության հարցում մենք մեր միջազգային գործընկերների հետ ենք խոսել և հույս ունենք, որ նրանք մեզ աջակցություն կցուցաբերեն։ Օբյեկտիվորեն՝ միջազգային աջակցության կարիքը, թեկուզ մաքրման աշխատանքների, որոնողափրկարարական աշխատանքների շուրջ չունեինք, հիմա վերականգնման և մարդկանց կրած վնասների փոխհատուցման հարցում շատ կարևոր է, որ գնահատականը հնարավորինս արագ կոնկրետացնենք, որպեսզի մեր միջազգային գործընկերների հետ խոսակության ժամանակ պարզ լինի, և աջակցության ձևերի ցանկ ունենանք, որ նրանք իրենց հարմար տարբերակ ընտրեն»,- ասաց Փաշինյանը:
ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ Հայաստանում աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ գործընկերներն ունեն ակնհայտ հետաքրքրություն։ Նա այսպես պատասխանեց Փաշինյանի հարցին, թե ի՞նչ փուլում են Հայաստանին օգնելու հարցում միջազգային գործընկերների հետ քննարկումները։
«Որոշ գործընկերների մոտ աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ իսկապես շոշափելի հետաքրքրություն կա և, հատկապես, կամուրջների շինարարության հարցում։ Մյուս հարցերում սպասում ենք կարիքների հստակեցմանը»,- ասաց Միրզոյանը։
Էկոնոմիկայի նախարարը և փոխվարչապետը զեկուցեցին նաև քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հասցված վնասի գնահատման և փոխհատուցման աշխատանքների վերաբերյալ։
Վնասի գնահատում և աջակցության միջոցառումներ՝ բնակիչների և բիզնեսի համար
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ վնասի գնահատման շուրջ աշխատում են մարզային հանձնաժողովները, և մոտակա ժամանակահատվածում՝ քննարկման արդյունքում, հնարավոր կլինի համակարգել ֆիզիկական և իրավաբանական անձանց ֆինանսական փոխհատուցման կարգը։
«Ունենք մարզային հանձնաժողով, որը յուրաքանչյուր բնակավայրում իրականացրել է վնասի նախնական գնահատում, ՏԿԵՆ-ի կողմից նախապես մշակվել է և հաղորդակցվել, որպեսզի մեկ միասնական մոտեցմամբ իրականացվի այդպիսի գնահատումը, դրանք որոշ մասով փոխանցվել են ՊԵԿ-ին, որոնք վերաբերում են հնարավոր վնասների չափմանը, ֆիզիկական անձանց մասով նույնպես կան բավականաչափ տեղեկություններ, առաջիկա օրերին մենք միջգերատեսչական ձևաչափով կքննարկենք, կբերենք այնպիսի առաջարկություններ, որոնք հասցեագրում են թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց աջակցելուն»,- ասաց նա։
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ աջակցման ծրագրերի շուրջ նախարարությունը որոշակի պատկերացումներ է ձևավորել։
«Սպասում ենք վերջնական գնահատմանը, աջակցման չափերի, ձևերի և բովանդակության մասով ունենք նախնական պատկերացում, այդ մասին տեղեկացրել ենք կառավարությանը։ Նախարարության բյուջեում որոշակի կոնսոլիդացիա կանենք ու կփորձենք մեզ հատկացված բյուջեի շրջանակում մաքսիմալ աջակցություն կազմակերպել և լրացուցիչ բեռ չստեղծել կառավարության համար»,- ասաց նա։
Հայաստանի հյուսիսի աղետի գոտում վարակների տարածման կանխարգելման շուրջ իրավիճակը
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ աղետի գոտում ամենօրյա աշխատանք է տարվում, կատարվում են ջրի հետազոտություններ, իրականացվում բակային այցեր՝ հասկանալու համար, թե մաքրման աշխատանքներ կատարելուց հետո ի՞նչ ռիսկեր կան, ի՞նչ պետք է անել։
«Այս պահի դրությամբ՝ վիճակը կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղում չունենք։ Պետք է շարունակել կանխարգելիչ աշխատանքները, որպեսզի պատկերը նույնական մնա։ Որևէ ինֆեկցիա չի գրանցվել, բայց լինելու դեպքում համակարգը բերված է պատշաճ մակարդակի»,- ասել է նա։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը:
Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետը նաև այցելել էր աղետի գոտի։ Հայաստանի կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







