ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը քննադատել է Փաշինյանի հայտարարությունը, որ ՊՆ-ի կողմից հստակ հրաման կա՝ հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, և եթե պարզվի, որ հրամանը խախտելու դեպք կա, կլինեն իրավական հետևանքներ։
«Ի՞նչ է նշանակում՝ զինվորականների համար կլինեն իրավական հետևանքներ, արդյոք սա կառավարության ղեկավարի խո՞սք է»,- նշել է Թաթոյանը։
Նախկին ՄԻՊ-ի կարծիքով՝ վարչապետը պետք է նշեր, որ հայկական դիրքերի ուղղությամբ կրակած ադրբեջանցիները գրավել են հայկական Ներքին Հանդ գյուղի տարածքը և նշանառության տակ են պահում տեղի բնակչությանը։
«Փոխանակ ասվի, որ ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են մեր երկրի տարածք, մտել են Ներքին Հանդ գյուղ և 3 կողմից շրջապատել, անընդհատ կրակում են գյուղերի ուղղությամբ, մարդկանց պահում են վախի մեջ։ Հատուկ մարդկանց զրկել են ջրից, թույլ չեն տալիս մոտենալ ջրի աղբյուրներին, զրկել են այգի ու հող մշակելու, ապրուստի միջոց վաստակելու, հարազատների շիրիմներին ու եկեղեցի այցելելու հնարավորությունից, բայց ասել, որ ադրբեջանական զինուժի կրակից ինքնապաշտպանվող զինվորականները պատասխանատվությա՞ն կենթարկվեն»,- գրել է նա։
Թաթոյանը հիշեցրել է, որ Ներքին Հանդի դպրոցն ադրբեջանական զինված թիրախի տակ է, տեղադրել են ականներ, որոնց պայթյունից առանց այն էլ սակավացած ընտանի կենդանիներ են սատկում:
«Ստացվում է ի՞նչ՝ իբր ադրբեջանական զինվորականներն իրենց համար իրենց տարածքում հանգիստ նստած են, իսկ Հայաստանից մեկ էլ կրակեցին։ Դեպքերն էլ ինչ-որ սարերում են տեղի ունենում, այլ ոչ թե մեր երկրի տարածքում ու մեր գյուղի ներսում»,- ընդգծել է նա։
Նախկին ՄԻՊ-ը հավելել է, որ ադրբեջանական զինված ծառայողների ցանկացած ներկայություն մեր բնակավայրերի հարևանությամբ ի սկզբանե անօրինական է, հանցավոր։
«Հայաստանի զինծառայողները, այդ թվում՝ սահմանապահ զորքերն ու ոստիկանությունն ամեն րոպե պաշտպանում են մեր ժողովրդի կյանքն ու առողջությունը: Նրանց գործողություններն իրավաչափ են ի սկզբանե և ուղղված են բնակիչների պաշտպանությանը: Սա պետք է լինի հայկական կողմի օրակարգն ու հավատամքը, ոչ թե Ադրբեջանի թելադրածը»,- ընդգծել է Թաթոյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







