Ադրբեջանը նախագահական ընտրություններից հետո պատրաստվում է նոր, խոշոր «գործընթացների», գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը
«Ադրբեջանից հնչող կոշտ հռետորաբանությունն ու Հայաստան-Ադրբեջանական բանակցային գործընթացի կիսափակուղային/փակուղային վիճակը մեծացրել է նոր մարտական գործողությունների հավանականությունը, և նոր նախաձեռնությունից առաջ Ալիևը փորձում է ընդգծել իր բարձր լեգիտիմությունը: Բնականաբար, դիտարկելի են նաև այլ պատճառներ, սակայն ակնհայտ է՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր, խոշոր գործընթացների»,- գրել է նա:
Փորձագետի կարծիքով՝ վաղաժամկետ ընտրություն անցկացնելու Ալիևի պատճառներից էին նրա կասկածները, որ արտաքին ուժեը կմիջամտեն և խնդրահարույց պրոցեսներ կգեներացնեն։
«Ալիևը մտահոգություն կամ կասկածներ է ունեցել, որ հերթական ընտրությունների նախաշեմին, արտաքին միջամտությամբ, ներքաղաքական խնդրահարույց պրոցեսներ կգեներացվեն, և հրատապ արտահերթ ընտրություններ նշանակելով՝ հնարավորություն չտվեց գործընթացներ «եփել»», -ընդգծել է պատգամավորը:
Ըստ Աբրահամյանի՝ իրավիճակի զարգացումն այս կամ այն ուղղությամբ պայմանավորված է մեծ թվով գործոններով և, առաջին հերթին, նրանով, թե առաջիկայում միջազգային դերակատարների դիմակայությունն ի՞նչ հետևանքներ կունենա և մեր տարածաշրջանում ինչպիսի՞ «մանյովրի» դաշտ կամ հնարավորություն կբացի»,- գրել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







