ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Գերատեսչության փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգության, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման անհրաժեշտությունը, ինչպես նաև հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության առանցքային ուղերձներին համահունչ բանակցային գործընթացի շարունակման անհրաժեշտությունը:
Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանմանը, ԼՂ-ն փաստացի էթնիկ զտման ենթարկվելու հետևանքով ստեղծված իրավիճակին, ԼՂ հայության իրավունքների և առկա հումանիտար խնդիրների հասցեագրման անհրաժեշտությանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կլաարը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԽ քարտուղարի հետ:
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել էր Բրյուսել հանդիպման մինչև հոկտեմբերի վերջ։ Բաքվից հայտարարել էին, որ Ադրբեջանն աջակցում է բրյուսելյան եռակողմ գործընթացին և տարածաշրջանային խաղաղության օրակարգին՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







