Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը կառավարության «Հումանիտար կենտրոն»-ից հայտնել է, որ Արտաշատում այսօրվա դրությամբ 1241 բռնի տեղահանված ընտանիք է տեղակայված։
«Որևէ քաղաքացի գիշերակացի խնդիր չի ունեցել: Արտաշատ համայնքում այսօրվա դրությամբ 1241 բռնի տեղահանված ընտանիք է տեղակայված՝ 5199 անձ: 519 ընտանիք (2060 անձ) է տեղակայվել Արտաշատ քաղաքում, 722 ընտանիք (3139 անձ)՝ գյուղական բնակավայրերում, 114 ընտանիք (472 անձ)՝ ժամանակավոր կեցավայրերում և հյուրատներում: Վարձակալությամբ ապրում է 652 ընտանիք (2749 անձ): Անհատույց կամ բարեկամների մոտ ապրում է 475 ընտանիք (1978 անձ)»,- ասել է նա:
Մկրտչյանը հայտնել է, որ համայնքում կարիքների գնահատման արդյունքում տրամադրվում են անհրաժեշտ բոլոր միջոցները, մասնավորապես՝ դեղորայք է տրամադրվել 500 անձի, տաք ամենօրյա սնունդ՝ 300 անձի:
«Արտաշատ քաղաքի մարզադպրոցի մի հատվածը վերապրոֆիլավորել ենք որպես ժամանակավոր կեցավայր: Այս պահին 120 հոգի է այնտեղ տեղակայված, նրանց ապահովում ենք 3 անգամյա տաք սննդով և հիգիենայի պարագաներով: Այս հարցում մեզ օգնում են ՀԿ-ները և համայնքի բնակիչները: Արտաշատ համայնքում գրանցվել է մեկ ծնունդ՝ լույս աշխարհ է եկել փոքրիկ Լուսեն»,- ասել է համայնքի ղեկավարը:
Նա տեղեկացրել է , որ ուշադրության կենտրոնում են գտնվում նաև մեր հայրենակիցների առողջապահական հարցերը, կազմակերպվում են նաև մասնագետների ամենօրյա այցելություններ խիտ բնակեցված կեցավայրեր:
Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







