Հայկական կողմի զոհերի և վիրավորների վերաբերյալ Ադրբեջանի կողմից շրջանառվող տեղեկությունները կեղծիք են, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր Ադրբեջանի ԶՈւ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հայտարարությունում:
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 2-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 7:50-ից Ադրբեջանի զինված ուժերն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հայտնել էր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ զոհված համարվող զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է և հայտնել, որ հայկական կողմն ունի 3 զոհ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







