Վերջին օրերին Ադրբեջանը կտրուկ ուժգնացրել է Հայաստանի Հանրապետությանն առնչվող թյուր և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Նման ամենաթարմ օրինակը ՀՀ զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով զորքերի և ռազմամթերքի կուտակման մասին ապատեղեկատվությունն է: Այդ ստահոդ տեղեկությունների տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Ադրբեջանի մտադրության մասին: Ի հեճուկս Հայաստանի Հանրապետության կողմից բազմիցս իրականացված հերքումների՝ Ադրբեջանը շարունակում է տարածել Լեռնային Ղարաբաղում ՀՀ բանակի ներկայության մասին պնդումը, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԳՆ-ն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ այս հարցի պարզաբանման համար Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու Հայաստանի Հանրապետության առաջարկությունը բազմիցս մերժվել է Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի շարունակվող պնդումների պայմաններում նման առաքելությունն ակնհայտորեն ավելի հրատապ է դառնում:
«Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանի կողմից կազմակերպվող ապատեղեկատվական արշավի նպատակներից մեկը Լեռնային Ղարաբաղում օր օրի ահագնացող հումանիտար ճգնաժամից և հումանիտար աղետի հրահրման միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու իր քայլերից միջազգային հանրության ուշադրությունը շեղելն է: Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման ուղիղ ապացույց է: Վերջին տարիներին Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթները, մասնավորապես դրա 1-ին, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱԳՆ հաղորդմամբ՝ ինչպես արդեն իսկ արձանագրվել է նաև միջազգային գործընկերների կողմից, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ Ադրբեջանը խախտում է նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ:
Նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել նաև բանակցությունների ընթացքում ձեռքբերված բազմաթիվ պայմանավորվածություններ:
«Ի հեճուկս 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելյան պայմանավորվածության, մինչև օրս Ադրբեջանը հստակ հայտարարություն չի արել Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, հրաժարվում է կյանքի կոչել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման մասին ձեռքբերված պայմանավորվածությունները։ Պաշտոնական Բաքուն նաև բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում է միջազգային մեխանիզմի շրջանակներում Ստեփանակերտի հետ երկխոսությունը: Շուրջ 8 ամիս Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու պայմաններում, Ադրբեջանը 3 շաբաթ արգելափակել է նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասող շուրջ 400 տոննա հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ընդգծում է, որ խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի: Վերահաստատում ենք, որ ի հեճուկս բոլոր բարդությունների, երկարաժամկետ, կայուն և տևական խաղաղության հասնելու հնարավորություն կա, և Ադրբեջանին կոչ ենք անում զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն ուղղված բոլոր քայլերից: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է խաղաղության օրակարգին և բանակցությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններին ՀՀ կառավարության հավատարմությունը և միջազգային հանրության բոլոր դերակատարներին, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ, կոչ է անում գործի դնել իրենց տրամադրության տակ առկա ողջ գործիքակազմը՝ ադրբեջանական կողմին կառուցողական դաշտ բերելու նպատակով:
Օգոստոսի 14-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին ուղղված Հայաստանի դիմումը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու խնդրանքով անվանել է «Անվտանգության խորհուրդը սեփական մանիպուլյացիաների գործիք դարձնելու փորձ»։
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, չի համապատասխանում իրականությանը, ինչպես նաև գերատեսչությունը հերքել է Բաքվի հաղորդագրությունն ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին։ Զուգահեռաբար Արցախի ՊՆ-ն հերքել է շփման գծի տարբեր ուղղություններում ՊԲ կողմից զինտեխնիկա կուտակելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







