ԱՄՆ-ն իր դաշնային՝ «սև ցուցակում» է ընդգրկել իսրայելական «NSO Group»-ի և «Intellexa» ընկերությունների, համապատասխանաբար, «Pegasus» ու «Predator» լրտեսող ծրագրերը, գրում է «Ամերիկայի ձայնը»-ը։
Աղբյուրը նշում է, որ 2021 թվականի նոյեմբերին իսրայելական «NSO Group»-ը հայտնվեց ԱՄՆ կառավարության «դաշնային սև ցուցակում»՝ լրտեսական գործունեության համար: Նշվում է, որ ամերիկյան կառավարության առնվազն մի քանի տասնյակ աշխատակիցների հեռախոսներ տաս երկրներում թիրախավորել էին լրտեսող ծրագրերի միջոցով։
2023-ի մայիսին Armenia Today-ը հայտնել էր, որ Հայաստանում հասարակական, քաղաքական գործունեություն ծավալող շուրջ 13 անձի բջջային սարքերը վարակված են եղել «Pegasus» լրտեսական ծրագրով։ Նման եզրակացության էր եկել թվային իրավունքների պաշտպանության Citizen Lab կանադական խումբը, որը հետազոտություն էր իրականացրել իրավապաշտպան Access Now-ի, Amnesty International կազմակերպությունների և բջջային անվտանգության անկախ հետազոտող Ռուբեն Մուրադյանի հետ։
Հետազոտության շրջանակներում ստուգել էին Հայաստանի մի շարք քաղաքացիների բջջային սարքերը, ինչի արդյունքում «Pegasus» լրտեսական ծրագրով վարակման դեպքեր էին բացահայտվել։ Միջազգային հետազոտական խումբը նշել է, որ «Pegasus» լրտեսական ծրագրի թիրախում են հայտնվել ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը, Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը։ Թիրախավորված անձանց թվում են նաև լրագրողներ, մեդիայի աշխատողներ, 3 ակտիվիստ, քաղաքացիական հասարակության 4 ներկայացուցիչ, ՄԱԿ-ի ներկայացուցիչ։
Դեռ 2021-ի նոյեմբերին Apple-ը սկսել էր նախազգուշական նամակներ ուղարկել Pegasus-ի զոհերին: Բացահայտվել էր, որ «Pegasus»-ը «կոտրել է» որոշ երկրների պաշտոնյաների 50 000 բջջային հեռախոս։ 2021-ի նոյեմբերին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն էր հայտարարել Pegasus ծրագրով գաղտնալսվելու մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







