Արցախն այժմ յուրատեսակ Գողգոթա է, որտեղ որոշվում է հայ ժողովրդի և նույնիսկ քաղաքակիրթ հանրության ճակատագիրը, Facebook-յան էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար, Արցախի նախագահի խորհրդական և հատուկ ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
«Եվ սա չափազանցություն չէ։ Աստվածաշնչյան Գողգոթայի վրա չէ՞ր, որ համաշխարհային պատմության ընթացքը կանխորոշված էր։ Դա կանխորոշված չէր մայրաքաղաքում, խոշոր և ազդեցիկ քաղաքական և առևտրային կենտրոններում, այլ՝ հեռավոր թվացող գավառական մի շրջանում։ Ուստի՝ ուշքի եկեք և իմացեք, որ բոլոր նրանք, ովքեր ակտիվ կամ պասիվ ձևով մեխեր են խփում Արցախի մարմնին, մեխեր են խփում իրենց հոգու և ապագայի մեջ»,-գրել է Բաբայանը։
Հուլիսի 17-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց անող քաղաքացիներին։ Արցախում հուլիսի 14-ից համաժողովրդական շարժում է ձևավորվել։
Հուլիսի 17-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել են իրազեկման ակցիաները։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







