Եվրոպայի քաղաքացիական հասարակության հարյուրավոր կազմակերպություններ և ասոցիացիաններ նամակով դիմել են իրենց երկրների ղեկավարներին՝ կոչ անելով առանց հապաղելու պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, կանգնեցնել Ադրբեջանի գործողություններն Արցախի նկատմամբ։
«Մեկ անգամ ևս պահանջում ենք, որ Ադրբեջանն անհապաղ դադարի խախտել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունը և հեռացնի Հակարի կամրջի հսկիչ անցակետը, ապաշրջափակի Լաչինի միջանցքը, ապահովի մարդկանց և ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը դեպի Արցախ»,-նշել են կազմակերպությունները։
Կազմակերպությունները միջազգային դրույթները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիայի, Ադրբեջանի ռազմական հանցագործությունների և Արցախի շրջափակման համար կոչ են արել տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի և նրա առաջնորդների դեմ։
«Օգտագործեք ձեր ազդեցության բոլոր լծակները՝ կանխելու Բաքվի կողմից Արցախի նկատմամբ որևէ վերահսկողություն, քանի որ դա անխուսափելիորեն Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումներ է նշանակում»,-նշված է նամակում։
Նրանք կոչ են արել ճանաչել Արցախի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







