Գերմանիայի ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Բեռլինը պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Գերմանիայի ԱԳ պետնախարարն ընդգծել է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացում հետագա օժանդակությունը շարունակելու իր երկրի կառավարության պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը և այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին:
«Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը կարևորել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ որոշումն Ադրբեջանի կողմից կատարելու ուղղությամբ միջազգային հանրության գործուն աջակցությունը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







