Արցախի դատախազությունը Արցախի Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղում 2 անչափահաս երեխաների մահվան դեպքից նոր մանրամասներ է հայտնել։
Դատախազությունից հայտնում են, որ հարուցված քրեական գործի շրջանակում նախաքննություն է տարվում։
«Վ. Ն.-ն, հանդիսանալով 14.03.2020թ. ծնված Լ. Ն.-ի և 20.12.2017թ. ծնված Գ.Ն.-ի մայրը, երեխաների դաստիարակությունը և խնամքը ոչ պատշաճ կատարելով, 2023 թ. հուլիսի 07-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Աղաբեկալինջ համայնքում իրենց ժամանակավոր բնակության առաձնատանը վերջիններիս թողնելով առանց հսկողության՝ դուրս է եկել տնից։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում վերադառնալով՝ տեսել է, որ երեխաները տանը չեն»,-հայտնում են ԱՀ դատախազությունից։
Դատախազությունից նշում են, որ հուլիսի 08-ին՝ ժամը 07:30-ին, անչափահասներ Գ.Ն.-ն և Լ.Ն.-ն հայտնաբերվել են Մարտակերտ քաղաքի Գ.Նժդեհ-4 հասցեի մոտ կայանված BMW մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ մահացած վիճակում:
Դատախազությունից հայտնել են նաև, որ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ԱՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ (անզգուշությամբ մահ պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով) և 176-րդ հոդվածի 1-ին մասերով է (Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով)։
Հուլիսի 8-ին Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է, որ Մարտակերտի շրջանում 3 և 6 տարեկան երեխաներ են մահացել, ծնողը նրանց մենակ է թողել տանը։ Նույն օրը Արցախի ՔԿ-ն հայտնել է, որ երեխաների մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







