Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունները։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 8-ի ժամը 22:35-ից ժամը 23։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Քարվաճառի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը՝ իրենց գործողությունների արդյունքում իբր թե խափանված ինժեներական աշխատանքների մասին»,-հայտնում են ԱՀ ՊՆ-ից։
ԱՀ ՊՆ-ն ընդգծել է նաև հայտարարությունների նպատակների մասին։
«Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տեխնիկայի ուղղությամբ պարբերաբար բացվող կրակը»,-շեշտել են ԱՀ ՊՆ-ում։
Այսօր՝ հուլիսի 9-ին, ՀՀ ՊՆ-ն ևս հայտնել էր Ադրբեջանի ՊՆ-ի ապատեղեկատվության մասին՝ տեղեկացնելով, որ հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հայկական ստորաբաժանումները կրակ չեն բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հունիսի 15-ի առավոտյան հայտնել էր, որ հայկական ստորաբաժանումները կանխել են Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցի սահմանապահների փորձը՝ Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշը տեղադրելու նպատակով։ Ավելի ուշ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձում էին Ադրբեջանի դրոշը տեղադրել Հայաստանի տարածքում։
Նույն օրն ադրբեջանական ստորաբաժանումները, այդ թվում՝ ականանետային կրակոցներ էին արձակել Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով Հայաստանի ԱԱԾ սահմանապահ է վիրավորվել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր նաև Կապանի շրջանում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







