Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցը, որն սկսվում է Արմեն Խոստիկյան փողոցից, հասնում՝ Շահամիրյանների փողոց, կանվանակոչվի հայ բարերար Լևոն Հայրապետյանի անվամբ, տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։ Հարցը ներառված է Երևանի ավագանու այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում։
Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949 թվականի մարտի 12-ին, Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում:
Զբաղվել է նավթի վաճառքի հետ կապված բիզնեսով։ Ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանավորներից մեկը։ Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար), որն Արցախի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։
Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ Կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։ Լևոն Հայրապետյանն իր վրա է վերցրել նաև «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։
2008թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Լևոն Հայրապետյանը մահացել է 2017թ. հոկտեմբերի 18-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







