Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Արցախի ապագայի համար կարևոր այն ոլորտները, որոնց ուղղությամբ շարունակելու է աշխատանքները և որոնց ուղղված են լինելու իր և իր կողմից հիմնադրված «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության ծրագրերը: Այս մասին հայտնել են Վարդանյանի գրասենյակի հանրային կապերից:
Նա նշել է, որ առանձնացվել է պայքարի ութ ուղղություն, որոնց շուրջ էլ իրականացվելու են ծրագրերը: Դրանք են, մասնավորապես, Սուբյեկտայնության ամրապնդումը, Անվտանգության ու պաշտպանական, այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության հուսալի համակարգի ստեղծումը, Կենսունակ տնտեսական համակարգի ստեղծումը, Հիբրիդային պատերազմի դիմակայումը, Որակյալ ու մրցունակ կրթական համակարգը:
Նա նշել է, որ անցած տարվա նոյեմբերին հիմնադրված «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից Արցախի աջակցությանն ուղղված ավելի քան 4 մլն դոլարի ծրագրեր են իրականացվել հիմնականում երկու՝ ռազմավարական բնույթի նախաձեռնությունների և հանրային նշանակության ծրագրերի ուղղությամբ: Երկրորդ խմբի ծրագրերն ուղղված են եղել ճգնաժամի պայմաններում Արցախի բնակչության առաջնահերթ խնդիրների լուծմանը: «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը Արցախում:
Խոսելով իշխանությունների նկատմամբ հասարակության վստահության կարևորության մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ թափանցիկությունն իր կողմից որդեգրվել էր որպես հիմնական սկզբունք, քանի որ թափանցիկ գործելաոճն է արդարության հիմքը. «Մնալով Արցախում՝ ես շատ հետևողական եմ լինելու, որպեսզի այդ սկզբունքները պահպանվեն»:
Այս համատեքստում նա անդրադարձել է սոցիալական նոր արտոնություններ (կոմունալ վճարումների և այլնի մասով) տրամադրելու շուրջ քննարկումներին՝ նշելով, որ նման որոշումների կայացումը պետք է լինի թափանցիկ, հանրությունը պետք է տեղեկանա, թե ինչ միջոցների հաշվին է դա իրականացվելու, այն դեպքում, երբ բյուջեն հաստատվել է պակասուրդով, իսկ ստանձնած նախորդ սոցիալական ծրագրերն ու պարտավորությունները դեռևս չեն կատարվել:
Ռուբեն Վարդանյանը խոսել է նաև Արցախին վերաբերող «կարմիր գծերի» պահպանման անհրաժեշտության մասին, որոնք չհատելը, ըստ նրա, չափազանց կարևոր է լինելու Արցախը՝ անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական պահպանելու առումով:
«Ես ուրախ եմ, որ իմ շփումները ղեկավար պաշտոնյաների, հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ օգնեցին սահմանել «կարմիր գծերը»: Մենք հետևողական ենք լինեու այդ «կարմիր գծերի» պաշտպանության հարցում, քանի որ անթույլատրելի է դրանց որևէ խախտում»,- ասել է նա։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին պաշտոնանկ արեց Հանրապետության պետական նախարար Վարդանյանին։ Նա տեղեկացրեց նաև գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին պետնախարարի պարտականությունները ստանձնելու առաջարկի մասին։
2022 թվականի սեպտեմբերի 1-ին Վարդանյանը հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու իր որոշման մասին։ 2022 թվականի նոյեմբերի 4-ին նա դարձավ հանրապետության պետական նախարար։ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարեց Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականի դեկտեմբերին նույնպես հայտարարել էր, որ «Վարդանյանը կապ չունի Ռուսաստանի հետ, իսկ ՌԴ իշխանությունները նրա հետ կապ չունեն»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 18-ին Մյունխենում Հայաստանի և Վրաստանի վարչապետների մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ ասել է, որ Բաքուն պատրաստ է խոսել «ղարաբաղում ապրող մարդկանց հետ», բայց ոչ Վարդանյանի հետ, և մեղադրել է պետնախարարին. Մոսկվայի թելադրանքով Արցախ գալու մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







