Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետերի ստեղծում նախատեսված չէ, Բաքվում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը, ընդգծել է Լավրովը, պետք է խստորեն համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ինչը նշանակում է «բացառապես քաղաքացիական և հումանիտար բեռների և քաղաքացիական անձանց համար ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտություն»։
«Ահա դրան էլ մենք հասնում ենք մեր շփումներում, առաջին հերթին՝ ռուսական խաղաղապահ զորախմբի գծով։ Այնտեղ նախատեսված չէ ինչ-որ հսկիչ-անցագրային կետերի ստեղծում, սակայն տեխնիկական միջոցներով հնարավոր է վերացնել այն կասկածները, որոնք կան, որ միջանցքն իսկապես օգտագործվում է ըստ նշանակության», — ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները՝ որպես եռակողմ խմբի համանախագահներ, շուտով կկարողանան պայմանավորվել «Ադրբեջանի հիմնական տարածքի» և Նախիջևանի միջև երկաթուղային երթուղու շահագործման վերսկսման շուրջ:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպելու Ռուսաստանի պատրաստակամությանը, ապա Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը նախկինում բազմիցս հարթակ է տրամադրել այդ հանդիպումների անցկացման համար: Մոսկվան այժմ էլ պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ընդգծել է Լավրովը։
«Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան։ Հայկական կողմն ասաց, որ նույնպես չի առարկում, բայց վերջնական համաձայնություն դեռ չի տալիս։ Չեմ կարծում, որ մենք շատ համառորեն կառաջարկենք մեր ծառայությունները, սակայն երկու կողմերին էլ դրանք լավ հայտնի են», — նշել է ռուսական գերատեսչության ղեկավարը։
Լավրովը մեկնաբանել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության տեղակայումը։
«ԵՄ-ն բացահայտ չարաշահում է հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ առաջ մղելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ հարուցող մոնիթորինգային առաքելությունը։ Այն բազմաթիվ հարցեր է առաջացնում իր գործառույթների, իր մանդատի և տևողության, այն ավելացված արժեքի տեսանկյունից, որը նա կարող է ներդնել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում», — կարծում է Լավրովը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ դա կողմերի ինքնիշխան ընտրությունն է՝ ում հետ համագործակցել, իսկ ում հետ՝ ոչ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 20-ին, մեկնաբանելով Մյունխենում կայացած բանակցությունների արդյունքները, լրագրողներին հայտարարել է, որ Երևանին է փոխանցել Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետեր ստեղծելու առաջարկը: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 22-ին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս առաջարկը «անընդունելի» է համարել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







