Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում իրականացրել է «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
««Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնի հիմնական նպատակն է մշակութային մեկ հարթակում միավորել արդի շրջանի ժողովրդական արհեստները, բարձրացնել դրանց ճանաչելիությունը և նպաստել այդ ժառանգությունը կրող ու փոխանցող անհատների ստեղծագործական առաջխաղացմանը: Նմանօրինակ փառատոները յուրօրինակ մշակութային խառնարան են, որ մի կողմից ներկայացնում են ժառանգության բազմաշերտ դրսևորումներն ու ստեղծագործական բազմազանությունը, մյուս կողմից մեկ հավաքական միջավայրում խտացնում են մշակութային ինքնության գենետիկ զարգացման շղթան: Այդ գենետիկ կոդի բանալին գտնվում է այս տաղավարներում առատորեն ներկայացված փայտե և արծաթե իրերի, գունավոր թելերով հյուսված գորգերի զարդանախշերի մեջ»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանի տեղեկացմամբ՝ փառատոնն իր շուրջն է համախմբել շուրջ 65 վարպետների՝ ՀՀ մարզերից, Ռուսաստանից և Բելառուսից:
Նշվում է, որ փառատոնն ավելի փոքր ձևաչափով կշարունակվի հուլիսի 17-ին Երևանում՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: Այնուհետև՝ մինչև սեպտեմբեր, այդ միջոցառման շրջանակում թանգարանում պարբերաբար կանցկացվեն մշակութային միջոցառումներ՝ ժողովրդական արհեստների և արվեստների վարպետաց դասեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



