2022 թվականի հունիսի 13-ից հուլիսի 8-ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունները և պանելային քննարկումները կենտրոնանում էին Խորհրդի օրակարգի այնպիսի առանցքային հարցերի շուրջ։
Որպես ՄԻԽ փոխնախագահ՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը նախագահել է նստաշրջանի մի շարք հանդիպումներ, ինչպես նաև մասնակցել է ՄԻԽ բյուրոյի շրջանակներում կազմակերպչական ու գործառնական հարցերի շուրջ որոշումների քննարկմանը, կայացմանն ու իրագործմանը։
Հայաստանի Մշտական ներկայացուցչությունն իր ելույթներում անդրադարձել է ՄԻԽ նստաշրջանին ընդգրկված բովանդակային հարցերի մեծ մասին: Ներկայացվել են նաև մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի առաջնահերթությունները, ՀՀ պատրաստակամությունն ու նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և վերջիններիս զարգացմանը։ Շեշտվել է, որ հավատարիմ մնալով իր կողմից ստանձնված գերակայություններին՝ Հայաստանը, որպես Մարդու իրավունքների խորհրդի անդամ, շարունակում է նպաստել ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանը՝ ազգային և միջազգային մեխանիզմների ամրապնդման միջոցով:
Նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակության կողմից մանրամասն անդրադարձներ են կատարվել Ադրբեջանի կողմից Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և պատերազմական հանցագործություններին: Ներկայացվել են Ադրբեջանի կողմից իրագործված արտադատական մահապատիժների, անհետ կորածների, ռազմագերիների, մշակութային ու կրոնական հուշարձանների ոչնչացման ու ավիրման դեպքերը, հումանիտար գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ելումուտի արգելափակումը։ Շեշտվել է, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային դատական ատյանների որոշումները, ինչպես նաև ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի հստակ հարցադրումները։
ՄԻԽ 50-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը միացել է վեց համատեղ հայտարարության։ Հայաստանը նաև, որպես ՄԻԽ պաշտոնական փաստաթուղթ, շրջանառել է չորս հայտագիր, որոնք հիմնականում վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Դրանցից մեկն անդրադառնում էր Մարաղայում հայերի կոտորածի 30-ամյակի ոգեկոչմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






