Մեր սպաներն այսօր իրենց ընտանիքներին բնակարանով ապահովելու առաջնահերթ խնդիր ունեն լուծելու, ինչին էլ միտված է այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած նախագիծը՝ ըստ զեկուցողի։
Հայաստանում ՊՆ համակարգի սպայական պաշտոններում նշանակված ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների համար կսահմանվի բնակարանային ապահովման նոր տեսակ՝ բնակարանի անհատույց ստացում և անհատույց օգտագործման իրավունք։ Այն կարգավորվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխություններով։
Ըստ Սուրեն Պապիկյանի՝ այն զինվորականները, որոնք 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կընդունվեն ռազմաուսումնական հաստատություններ և պայմանագիր կկնքեն, կստանան ծառայողական բնակարան։ Եթե տարբեր պատճառներով ծառայության ընթացքում գտնվող զինծառայողը ճանաչվի ծառայության համար ոչ պիտանի կամ ստանա հաշմանդամություն, ապա բնակարանը կդառնա նրա սեփականությունը: Նրա մահվան դեպքում բնակարանը կփոխանցվի ընտանիքին։ Իսկ 20 տարվա զինծառայությունից հետո սպան իր բնակարանը կստանա անհատույց սեփականության իրավունքով։
Բարեփոխումների ծրագրի շրջանակներում նախատեսվում է համատեղել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնի հետ։ Միաժամանակ գլխավոր շտաբի պետը վերջինիս բացակայության դեպքում չի կարողանա կատարել պաշտպանության նախարարի պարտականությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







