Պատերազմի և կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցությունը մակրոտնտեսական ցուցանիշների տեսանկյունից ամենից մեծ չափով ազդել է 2020 թվականի պետական պարտքի ցուցանիշների վրա: 2019 թվականի նկատմամբ կառավարության պարտքը 2020-ին ավելացավ ՀՆԱ-ի 13,4 տոկոսային կետով՝ հասնելով ՀՆԱ-ի 63,5 տոկոսի։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նա նշեց, որ տարվա փաստացի արդյունքներով՝ կառավարության պարտքը կազմել է 4 տրիլիոն 209,8 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 60,3 տոկոսը, որը 2 տոկոսային կետով ցածր է, քան տարեսկզբին եղած նախնական գնահատականն էր:
Այդուհանդերձ, նախարարը փաստեց, որ պարտքի կառուցվածքում 2021 թվականին տեղի է ունեցել բարելավում, կառավարության պարտքի կազմում ավելացել է դրամային պարտքի տեսակարար կշիռը:
«Պարտքի կառուցվածքում դրամային պարտքի ցուցանիշն աճել է՝ հասնելով 28.8 տոկոսի՝ 2020-ի 24.4 տոկոսի փոխարեն։ Այսպիսի փոփոխությունը համահունչ է պարտքի միջնաժամկետ կառավարման ուղենիշներին, որոնք պահանջում են, որ արտարժույթի փոխարժեքային փոփոխությունների հետ կապված ռիսկերը կրճատելու նպատակով ընդհանուր պարտքի կազմում ներքին պարտքի կշիռը լինի ոչ պակաս, քան 25 տոկոսն է»,- ընդգծեց ֆինանսների նախարարը։
Տիգրան Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ պետական բյուջեի հարկային եկամուտները սկզբնապես հաստատված ցուցանիշը գերազանցել են 147 միլիարդ դրամով և կազմել 1 տրիլիոն 586.9 միլիարդ դրամ:
«Դրանք ՀՆԱ-ի 22,7 տոկոսն են: Այս ցուցանիշը կարևոր է նրանով, որ այն պետական բյուջե վճարված հարկերի պատմական ամենաբարձր ցուցանիշն է: Նախորդող տարվա 22,4 տոկոսի նկատմամբ հարկեր-ՀՆԱ ցուցանիշն աճել է 0,3 տոկոսային կետով»,- մանրամասնեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







