Եվրախորհրդարանի 40-ից ավելի պատգամավորներ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հանդիպումից առաջ նամակով դիմել են Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելին:
Ինչպես տեղեկացնում է Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը, պատգամավորներ Լուկաս Ֆուրլասի և Ֆրանսուա-Քսավիե Բելլամիի նախաձեռնությամբ ԵԽ տարբեր խմբակցություններ ներկայացնող 43 պատգամավորներ նամակ են հղել Միշելին, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին:
Նամակում պատգամավորները նշել են Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը հայ բնակչության նկատմամբ: Նամակի հեղինակները կոչ են արել ԵՄ ղեկավարներին՝ գործի դնել դաշինքի տրամադրության տակ եղած բոլոր լծակները՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի Բաքուն դադարեցնի իր ագրեսիվ քաղաքականությունը Արցախում, անմիջապես զորքերին տեղափոխի ելման դիրքեր, ինչպես նաև դադարեցնի ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







