«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ լուրջ տարաձայնություններ կան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ մերձիշխանական աղբյուրներն են հայտնում` Նիկոլ Փաշինյանի հիմնադրած կուսակցությունը մի քանի թևերի է բաժանվել, ու ամեն մեկն իր «պայքարն» է տանում։ Բանն այն է, որ ՔՊ-ն առաջիկայում վարչության նոր կազմ պետք է ընտրի, որտեղ ընդգրկվելու ցանկություն թե՛ գործող անդամները, թե՛ ՔՊ-ական պատգամավորներն ունեն։
«Քանի որ այս անգամ ՔՊ վարչության կազմը կրճատվելու ու 21-ից 15 է դառնալու, հետևաբար պայքարն այժմ ավելի է շիկացած. բոլորը ցանկանում են բաղձալի 15-ում հայտնվել։ Վերընտրվելու համար համառ պայքար է մղում պատգամավոր Արսեն Թորոսյանը, ում, սակայն, թիմի ներսում միանշանակ չեն ընդունում։ Ավելին` երբ ցանկություն էր հայտնել բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար դառնալ, նրան վարչությունում կտրուկ «ոչ» էին ասել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձորում դահուկ վարելիս ընկել և վնասվածքներ է ստացել։ Նրան չեն հոսպիտալացրել, բայց տանը սիստեմաներ է ստանում։ Հենց այս վնասվածքներն են պատճառը, որ նախորդ դատական նիստին նա չմասնակցեց, բժշկական տեղեկանք ներկայացվեց ու նշվեց, որ բուժումը կտևի մոտ 10 օր։ Առողջական խնդիրներով պայմանավորված` Ռոբերտ Քոչարյանը, մեր տեղեկություններով, չի մասնակցի այսօրվա հանրահավաքին, չնայած իր թիմում հստակ ոչինչ չեն ասում՝ կարծելով, թե երկրորդ նախագահի ֆանատները կհիասթափվեն և նրա բացակայության պատճառով չեն գա հրապարակ։ Հանրապետական կուսակցությունից մեզ ասացին, որ Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սահմանադրական դատարանը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի դեմ որոշում է կայացնելու։ Մեզ հասած տեղեկությոնների համաձայն՝ Գագիկ Ջհանգիրյանը այս օրերին հանդիպել է ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանի հետ՝ փորձելով ըննդեմ իր որոշման ելքեր գտնել, սակայն ստացել է մերժում: Իսկ ի՞նչ որոշման մասին է խոսքը: 2021 թվականի սեպտեմբերի 23-ին սահմանադրագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՍԴ-ն որոշել է ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի որոշում կայացնել: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ, որը նշեց. «Ինչ որոշում ցանկանում են թող կայացնեն, մեռնեմ օրենքին»»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սահմանադրական դատարանն այսօր քննելու է ԱԺ ընդդիմության`ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցը։ Մոտ մեկ շաբաթ առաջ ՍԴ-ն որոշեց դիմումը քննել ոչ թե բանավոր ընթացակարգով, ինչպես որոշել էր նախապես, այլ՝ գրավոր։ Այդ դիմումով ընդդիմությունը պահանջում է չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրությունը, քանի որ անհավասար պայմաններ են ստեղծվել, եւ ԱԺ նախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուները՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, չեն կարողացել մասնակցել՝ գտնվելով կալանավայրում։ Մենք գրել էինք, որ ՍԴ-ն քաղաքական հարցերում նախընտրում է գրավոր ընթացակարգը, որ փակ ռեժիմով քննի դիմումները եւ հրապարակի վճիռը։ Հարցին, թե ում առաջարկով է բանավոր ընթացակարգից գրավորի անցում կատարվել, ՍԴ-ից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել Գլխավոր դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի դրվագներ է առանձնացրել ներկայացրած տվյալներից: Ըստ այդմ, 2021 թվականին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 950 դեպք, որոնցից 105-ը՝ կաշառք ստանալու, 80-ը՝ կաշառք տալու, ընդ որում՝ 2020 թվականի համեմատ՝ էական փոփոխություններ են եղել. այդ տարի կաշառք ստանալու դեպքերը եղել են 85, ստանալունը՝ 55: 2021-ին պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացման 129 դեպք է եղել՝ նախորդ տարվա 160-ի համեմատ։ Այստեղ նվազում ենք արձանագրել: Փողերի լվացման վերաբերյալ 2021 թվականի ընթացքում նախապատրաստվել է 22, իսկ 2020 թվականին՝ 14 նյութ, որոնցից 21-ով հարուցվել է քրեական գործ, իսկ մեկով քրեական գործի հարուցումը մերժվել է»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







