Orion Worldwide Innovations ընկերությունը, որը գործունեություն է ծավալում ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգերի զարգացման ոլորտում, հայտարարել է Հայաստանում Orion Summit 2022 ֆորումի անցկացման մասին:
Ինչպես հաղորդում է ընկերությունը, միջոցառումը տեղի կունենա հունիսի 27-ին՝ Մատենադարանում: Համաժողովը մեկ հարթակում կմիավորի ապագա ընկերությունների հիմնադիրներին, որոնք կներկայացնեն իրենց հաջողության պատմությունը։ ։
Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է հայտարարել Digital Julfa Network (Ջուլֆայի թվային ցանց)-ի ստեղծման մասին, որը միավորում է համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առևտրային և մշակութային ներուժը:
«Նոր Ջուղայում հայ վաճառականների 300-ամյա պատմությունը հզոր առևտրային ուղի էր Հնդկական օվկիանոսից դեպի Միջերկրական ծով։ Մենք ստեղծում ենք Digital Julfa ցանց, որը կմիավորի Հայաստանի տեխնոլոգիական, ֆինանսական, գործարար, իրավաբանական և մշակութային ներուժը»,- ասել է Orion Worldwide Innovations-ի հիմնադիր տնօրեն, BAJ Accelerator-ի համահիմնադիր Էմմա Առաքելյանը:
«Գագաթնաժողովը կարևոր է Հայաստանի էկոհամակարգի համար։ Տեխնոլոգիական, բանկային և այլ ընկերություններ կարող են միանալ միջոցառմանը՝ առաջարկելով զեկուցողներ, հովանավորչական փաթեթներ և մասնակցելով աշխատանքի տոնավաճառին»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր և տնօրեն Դիանա Արզումանյանը:
Orion Summit 2022 ֆորումի շրջանակներում տեղի կունենա նաև թափուր աշխատատեղերի տոնավաճառ, որի ընթացքում 15-ից ավելի տեխնոլոգիական ընկերություններ որակյալ աշխատանք կառաջարկեն երիտասարդ մասնագետներին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Orion Worldwide Innovations-ը օգնել էր հայաստանյան մի քանի ընկերությունների 27 մլն դոլարի ներդրում ստանալ իրենց ընկերությունների աճին աջակցելու համար: Ներդրումային գումարները ստացվել են այն ընկերություններից, որոնք աշխատում են ԱՄՆ-ում, Եվրոպայում և աշխարհի այլ մասերում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







