Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։
Նախարար Միրզոյանը կարևորել է Ադրբեջանի ներխուժմանը ՌԴ համապատասխան գերատեսչությունների տված գնահատականը: Նախարարը ընդգծել է ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից կոնկրետ միջոցների ձեռնարկումը ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար:
Նշենք, որ ՌԴ ՊՆ-ն հաստատել էր Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումը։
«Մարտի 24-ից 25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և դիտակետ են տեղադրել: Փառուխ բնակավայրի հատվածում չորս հարված է հասցվել «Bayraktar-TB 2» տիպի անօդաչու թռչող սարքով»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







