«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել 2021թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասով հարուցված քրեական գործի քննությունից: Ինչպես հայտնի է, այդ օրը խորհրդարանում վիճաբանություն էր տեղի ունեցել ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորների եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջեւ: Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ ԱԱԾ-ն օրերս գնացել է Ազգային ժողով՝ հարցաքննելու ՔՊ խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին: Տեղեկություների համաձայն՝ ԱԱԾ-ն ԱԺ է գնացել նաեւ հարցաքննելու ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանին եւ Արմեն Խաչատրյանին: Ի դեպ, քրեական գործով ԱԱԾ-ն նաեւ հարցաքննել է Ազգային ժողովի աշխատակազմի տասնյակից ավելի աշխատակիցների»:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի ղեկավարությունն օրերս վերանայել է բուժանձնակազմի հետ պայմանագրերը, համաձայն որոնց՝ ապրիլից աշխատավարձերը նվազելու են։ Աշխատակազմում ենթադրում են, թե հնարավոր է ապրիլից վերադառնում են նախկին ռեժիմին։
Ինչպես հայտնի է, մոտ 2 տարի է՝ այստեղ իրականացվում է միայն COVID-19-ի բուժում։ Սակայն հիվանդանոցի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ բացառում է, թե համավարակի այս պայմաններում ապրիլից վերադառնան սովորական բուժհաստատության ռեժիմին: Այդ դեպքում աշխատավարձերն ինչո՞ւ են նվազելու․ հարցին նա չի պատասխանել՝ ասելով, թե դա իր իրավասության ներքո չէ։ Իսկ տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ դեռ արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանը լցված էր բանակը հարստացնելու եւ սպառազինությունների ձեռքբերման գործին։ Եւ պարզվում է՝ 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա ավերիչ պատերազմից հետո էլ Ադրբեջանի գերնպատակը շարունակում է զինված ուժերի միջոցների ավելացումը մնալ: Ադրբեջանում հրապարակել են 2021 թվականի ընթացքում պաշտպանության եւ ազգային անվտանգության համար ծախսված գումարը: Օրաթերթը ադրբեջանական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ, ըստ այդ փաստաթղթի, Ադրբեջանը 2021 թվականի ընթացքում ծախսել է պաշտպանության եւ ազգային անվտանգության համար նախատեսված գումարի 99.2 տոկոսը, որը 20.9 տոկոսով գերազանցել է 2020 թվականի ցուցանիշը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կարծես վերադառնում է իր նախկին աշխատանքին՝ դերասանությանը։ Նրա շրջապատից տեղեկացանք, որ Մարությանը քաղաքական բնույթի ստենդափ է պատրաստում, որի բեմադրությունը շուտով կլինի Սունդուկյան թատրոնում։ Թե հատկապես քաղաքականության մեջ գտնվելու տարիների որ դրվագներն է որոշել նա բեմականացնել, մեզ չհաջողվեց պարզել՝ Մարությանի հետ զրուցել չհաջողվեց։ Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնից ՔՊ-ն նրան հեռացրեց անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 22-ին»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ադրբեջանը կանխատեսելի վարքագիծ է դրսեւորում. ինչպես եւ կարելի էր սպասել, Բաքվի իշխանություններն օգտագործելու էին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը Արցախի դեմ նոր սադրանքներ իրականացնելու համար։ Նախօրեին՝ մարտի 8-ի ուշ երեկոյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում թշնամին հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։ Վերջին շրջանում նման սադրանքները պարբերական բնույթ են կրում Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների բնակավայրերի ու հայկական դիրքերի ուղղությամբ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







