ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորքեր կամ ռազմական ինքնաթիռներ ուղարկել Ուկրաինայի օդային տարածք։ Այս մասին երեքշաբթի օրը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է TACC-ը։
«ՆԱՏՕ-ն չի լինի հակամարտության մաս: ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա կամ ռազմական ինքնաթիռներ` Ուկրաինայի օդային տարածք»,- ասել է նա։
Ստոլտենբերգը հիշեցրել է, որ դաշինքի դաշնակիցները Ուկրաինային տրամադրում են տարբեր տեսակի ռազմական աջակցություն, ինչպես նաև տրամադրում են ֆինանսական և հումանիտար օգնություն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի ապառազմականացման համար։ Ռուսներին ուղղված հեռուստաուղերձում նա ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Փետրվարի 24-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Փետրվարի 28-ին Գոմելում բանակցություններ են տեղի ունեցել ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի համաձայն՝ բանակցությունների առանցքային հարցը հրադադարի անհապաղ դադարեցումն է և զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից։
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցություններից հետո ասել է, որ կողմերը «որոշ կետեր են գտել, որոնց վերաբերյալ կարող են ընդհանուր դիրքորոշումներ կանխատեսել»։ Նրա խոսքով՝ ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հաջորդ հանդիպումը կկայանա լեհ-բելառուսական սահմանին մոտ օրերս։
Մինչդեռ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն մարտի 1-ին հայտարարել էր, որ ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում, քանի դեռ չեն հասել իրենց առջև դրված նպատակներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







