Եվրամիությունը որոշել է ամբողջությամբ փակել իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ դա կկիրառվի բոլոր ինքնաթիռների նկատմամբ: «Մեր օդային տարածքը կփակվի ռուսական բոլոր ինքնաթիռների համար, ներառյալ օլիգարխների մասնավոր ինքնաթիռների համար»,- ասել է ֆոն դեր Լյայենը:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Եվրամիությունը նաև որոշում է կայացրել արգելել ՌԴ կենտրոնական բանկի հետ բոլոր գործարքները և սառեցնել նրա ակտիվները:
Բացի այդ, Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Եվրամիությունը զենքի գնման ու մատակարարման հարցում առաջին անգամ կֆինանսավորի Ուկրաինային:
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Նշենք, որ ներկայումս պայմանավորվածություններ են ձեռք բերվում բանակցություններ սկսելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







