ԱՀ ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունը անդրադարձել է Խրամորթ գյողում առկա իրավիճակին, որի ուղղությամբ ադրբեջանական կողմը սադրանքների էր դիմել:
«Երեկ, ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի բանակցություններն ադրբեջանական կողմի հետ որոշակի դրական ազդեցություն է ունեցել: Կեսօրից հետո բարձրախոսով գյուղը լքելու բարբաջանքներ չեն հնչել, փոխարենը 2 անգամ «Խոջալուի» շինծու ջարդերի մասին մուղամ են «հրամցրել»»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ խաղաղապահները վստահեցրել են, որ այս խնդիրն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կլուծվի:
«Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմը շփման գծի Խրամորթ-Ակնա /Աղդամ/ հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակել դաշտավայրում աշխատող տրակտորիստի ուղղությամբ, այնուհետև հաջորդ օրը գյուղացիներին բանավոր զգուշացրել են լքել տարածքը: Անհաջող այս փորձերին հաջորդել է բարձրախոսով կոչերը: Այս պահին հանգիստ է: Գյուղը շարունակում է ապրել իր առօրյա հոգս ու գործով:
ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները մշտապես կապի մեջ են խրամորթցիների հետ և վերահսկում են օպերատիվ իրավիճակը»,-հավելել են մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Խրամորթի բնակիչ Զամիրա Շամիրյանը Armenia Today-ի թղթակցին հայտնել էր, որ ադրբեջանցիները երեկվանից բարձրախոսներով պահանջում են Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի բնակիչներից լքել գյուղը՝ հայտարարելով, որ պատասխանատվություն չեն կրում հետագա գործողությունների համար: Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Armenia Today-ի հետ զրույցում ասել է, որ Խրամորթի իրավիճակի հետ կապված պատկան մարմինները համապատասխան քայլեր են ձեռնարկում, և իրավիճակը վերահսկողության տակ է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







