ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոյսանը ներքաղաքական առկա զարգացումների վերաբերայլ մեկնաբանություն է տվել iLur.am լրատվական կայքին։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծմանը՝ Տեր-Պետրոսյանը նշել է. «Որքան սրվում է ներքաղաքական իրավիճակը, այնքան թուլանում են Հայաստանի դիրքերը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, առանց այդ էլ չափազանց բարդ, առաջիկա բանակցություններում։ Այս առումով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը ոչ միայն չի նպաստում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը, այլեւ ընդհակառակը, ավելի է սրում այն, ըստ էության, ծառայելով բացառապես մեր հակառակորդների շահերին։ Ուստի ես կոչ կանեի ժամանակավորապես դադարեցնել այդ հանձնաժողովի գործունեությունը եւ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությանն անդրադառնալ ավելի բարենպաստ եւ հանդարտ իրավիճակում»։
Անդրադառնալով Հիսուս Քրիստոսի արձանի կանգնեցման գաղափարին՝ նշել է. «Քանի որ խնդիրը վերաբերում է բացառապես Հայ առաքելական եկեղեցու իրավասության ոլորտին, որին պետությունն անգամ միջամտելու իրավունք չունի, ապա, իմ խորին համոզմամբ, Հայոց եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդն, ըստ արժանվույն գնահատելով հանդերձ ազգային բարերար Գագիկ Ծառուկյանի անժխտելի երախտիքը եկեղեցաշինության գործում, այնուամենայնիվ պետք է կտրականապես մերժի այդ գաղափարը, որովհետեւ այն հակասում է Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության սրբագործված ավանդույթին»,-նշել է Առաջին նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







