Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան՝ բեկանելու Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարիներ առաջ Մարտի 1-ի գործով կայացված դատական ակտը։
Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2022 թ. հունվարի 18-ին կայացված որոշմամբ ի հայտ է եկել նոր հանգամանք, որով արձանագրվել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում, այսինքն՝ արձանագրվել է Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումը։ Հիմք ընդունելով այդ որոշումը՝ վճռաբեկ բողոք է ներկայացվել. միջնորդել ենք դատարանին վերանայել 2010 թվականին կայացված դատական ակտերը, բեկանել դրանք և ճանաչել Նիկոլ Փաշինյանին մեղսագրվող արարքներով նրա անմեղությունը»,- նշեց Աբրահամյանը։
Ըստ Աբրահամյանի՝ գործ ունենք ՄԻԵԴ-ի կողմից կայացված կոնկրետ որոշման հետ, որով դատարանը հիմնավորել է ՀՀ-ի կողմից միջազգային պայմանագրերով նախատեսված իրավունքի խախտման փաստը։
«Հետևաբար՝ այդ իրավունքի խախտումը կարող է վերացվել այդ խախտումն արտահայտող դատական ակտի բեկանման միջոցով, ինչը նոր հանգամանքի հիմքն է»,- մանրամասնեց Գլխավոր դատախազի խորհրդականը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







