Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները պետք է ընթանան միջազգային իրավունքին համապատասխան։
APA-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը Caspian Policy Center-ի կողմից կազմակերպված «ԱՄՆ-ի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30 տարին» վեբինարում։
«Այդ համաձայնագիրը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների, մասնավորապես, երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա։ Տարածաշրջանը բրենդինգի նոր ռազմավարության կարիք ունի։ Ադրբեջանը պատրաստ է իր դերակատարությունը ունենալ Հարավային Կովկասի ինտեգրված տարածաշրջանի կառուցման գործում։ Մենք այստեղ ԱՄՆ-ը դիտարկում ենք որպես կարևոր գործընկեր»,- ասել է նա։
Հաջիևը նաև նշել է, որ նոր միջանցքները, որոնք կբացվեն տարածաշրջանում, մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքը», կարող են Հայաստանը դուրս բերել շրջափակումից և այն դարձնել ցամաքային լայն կապեր ունեցող երկիր:
«Կենտրոնական Ասիայից մեր գործընկերները նույնպես կարող են օգտվել «Զանգեզուրի միջանցքից»։ Բայց «Զանգեզուրի միջանցքը» չի բացառում այլ պոտենցիալ միջանցքները, որոնք մենք ստեղծել ենք տարածաշրջանում հարևան Վրաստանի հետ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է օգուտ քաղել վրաց-ադրբեջանական փոխշահավետ համագործակցությունից, որը տարածաշրջանային համագործակցության օրինակ է և հիմնված է հարգանքի վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







