Թուրքիան Ադրբեջանից բնական գազի մատակարարումներն ավելացրել է Իրանից կապույտ վառելիքի մատակարարումների հետ կապված խափանումներից հետո։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ազգին հղած ուղերձում։
«Գազատարի հակառակ կողմում տեղի ունեցած վթարի պատճառով մեր և Իրանի միջև բնական գազի մատակարարման նվազում է տեղի ունեցել։ Մենք պայմանավորվել ենք Իրանի հետ ավելի տաք ամիսներին թողնել անսարքությունների վերացման աշխատանքները, հետո նորից վերսկսել բնական գազի մատակարարումը։ Մենք ավելացրել ենք Ադրբեջանում գնվող բնական գազի ծավալը»,- ասել է Էրդողանը։
Հունվարի 28-ին թուրքական Botas նավթագազային ընկերությունը հայտնել էր Իրանից սահմանափակ ծավալով գազի մատակարարման վերսկսման մասին։
Մինչդեռ հունվարի 21 — ին իրանական Shana գործակալությունը հաղորդել էր Իրանի ազգային գազային ընկերության կողմից Թուրքիա գազի մատակարարման վերսկսման մասին: Աղբյուրի տվյալներով՝ հունվարի 19-ին առաջացած տեխնիկական անսարքությունները, որոնց պատճառով որոշվել է 10 օրով դադարեցնել գազի մատակարարումը, վերացվել են: Իրանական կողմի վարկածով՝ գազի արտահոսք է տեղի ունեցել թուրքական կայանում։
Ինչպես նշվում է, հունվարի 17-ին Իրանից Թուրքիա գազի մատակարարումը կրճատվել է մինչև օրական պայմանագրային ծավալի մեկ երրորդը:
Իրանը տարեկան միջինը 10 մլրդ խմ գազ է մատակարարում Թուրքիային «Թենգիզ-Անկարա» գազամուղով։ Վերջին տվյալների համաձայն՝ իրանական գազի բաժինը Թուրքիայի էներգետիկ հաշվեկշռում 2021 թվականին կազմել է շուրջ 16 տոկոս:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







