Մեկ տարի մի քանի ամիս է՝ արդեն մենք այստեղ ենք (Երևանում), բայց չգիտենք, թե մեր վերջն ինչ է լինելու։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց կառավարության շենքի մոտակա տարածքում հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ Նա պարզաբանեց, որ իրենց ստացած աջակցությունը ՀՀ կառավարությունը կտրել է, երկու ամիս է՝ չեն ստանում։
«Ո՛չ կարողանում ենք տան վարձ տալ, ո՛չ՝ ապրել․ 25 000 դրամ էին տալիս, հիմա դա էլ չեն տալիս արդեն 2 ամիս։ Ես առողջական խնդիրներ ունեմ, չեմ կարող մեծ գործեր անել։ Դրա համար էլ դուրս ենք եկել, որ բողոքենք»,- ասաց տեղահանված հադրութցին։
«Ես 5 տարի կռվել եմ, ազատագրել Արցախը, որ ՀՀ կառավարությունից ասեն՝ Ղարաբաղն Ադրբեջա՞ն է»,- վրդովված ասաց արցախցին։
Հիշեցնենք, որ «Հանուն Հադրութի» ՀԿ-ն նախաձեռնել է բողոքի ակցիա։ Հավաքված հադրութցիները նամակ են պատրաստել ՄԱԿ-ին և ՀՀ կառավարությանը։ Նրանք առաջինից աջակցություն, իսկ երկրորդից քաղաքական պաշտոնյաների հետ հանդիպում են խնդրում, քանի որ տնտեսական բլոկի հետ հանդիպումներն արդյունք չեն տվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







