Կա կանոնակարգ, առաջնորդվել ենք կանոնակարգով, ավագանու նիստը համարվել է բացված, ընտրվել եմ ես, նիստը համարվել է փակված։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։
Նա նշեց, որ համայնքապետարանը բաց է, ինքը մտել է ներս, ոչ մի խոչընդոտ չի կարող հանդիսանալ իրենց, քանի որ իրենք են ղեկավարելու այդ կառույցը։ Իսկ հարցին, թե «Դավիթ Մինասյան» դաշինքի ղեկավար Դավիթ Մինասյանի հետ հանդիպում եղել է, թե ոչ, Գրիգորյանն ասաց, որ չի հանդիպել, քանի որ զանգերին չի պատասխանել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների՝ ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված արդյունքների համաձայն՝ «Ապրելու երկիրը» ստացել է 4 637 քվե, «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 2 227 քվե, ՔՊ-ն՝ 2 609 քվե։
Նշենք, որ Փարաքարում տեղի է ունենում բողոքի ակցիա։ Հավաքվել են մի խումբ բնակիչներ և բողոքում են երեկ կայացած ավագանու ընտրությունների արդյունքներից։ Ներկա են տարբեր համայնքների բնակիչներ՝ ի աջակցություն «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի։
Դեկտեմբերի 5-ին Փարաքարի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան, իսկ երեկ՝ դեկտեմբերի 20-ին՝ ավագանու նիստ։ Երկու թեկնածուներն էլ նիստից հետո հայտարարել են, որ ղեկավար են ընտրվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







