ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու միջազգային մեր շատ գործընկերներ ասում են՝ Ղարաբաղի հարցը լուծված չէ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։ Այս մասին հաղորդում է Aysor.am-ը:
«Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նախևառաջ, շեշտը դնում են հումանիտար հարցերի լուծման վրա ու վերջին հայտարարության մեջ նոր էլեմենտ ի հայտ եկավ՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված ու վերջին մասում է հիշատակվում Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ՝ հայտնի սկզբունքների ու տարրերի միջոցով։ Վստահ եմ, որ մեր դիվանագիտությունը կշարունակի իր կոնստրուկտիվ ներգրավվածությունն, ու ինչ-որ պահի համանախագահները կկարողանան այցելել տարածաշրջան, որովհետև այսօր իրենք խնդիր ունեն ապացուցելու իրենց կենսունակությունը ոչ միայն հայտարարությունների միջոցով կամ հանդիպումներ անցկացնելու միջոցով»,- ասաց նա։
Հարցին՝ Ռուսաստանը շահագրգռված է ԼՂ հակամարտության կարգավորումը պատկերացնել «3+2» կամ «3+3» ֆորմատո՞վ, թե՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով, Այվազյանն արձագանքեց. «Պաշտոնական Ռուսաստանը միշտ ասել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն է, որ զբաղվում է ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման հարցով ու նաև նշում են, որ զուգահեռ պետք է ստեղծել տարածաշրջանային մթնոլորտ, որը կնվազեցնի ապակայունացնող միտումները: Ես մտավախություն ունեմ, որ «3+2» ֆորմատը կարող է փորձել չեզոքացնել ու ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը: Վստահ եմ, որ մեր գործընկերները դա լավ հաշվարկում են»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







