Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻֆ) ուրախ է տեղեկացնել, որ Այգ-1 ծրագրի շրջանակներում Մասդար ընկերության կողմից Դաշտադեմ և Թալին համայնքների հետ կնքված նվիրաբերության պայմանագրի համաձայն՝ իրականացվել է 320 000 000 դրամի չափով Համայնքի զարգացման վճարում։ Այս մասին հայտնել է ԱՆԻՖ-ը։
Նվիրաբերությունը Մասդար ընկերության կողմից իրականացվող Հայաստանում խոշորագույն 200 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի ներդրումային ծրագրի փաթեթի շրջանակներում ստանձնած սոցիալական ներդրումների պարտավորության մասն է։
Հիշեցնենք, ԱՆԻՖ-ը ծրագրում ունի 15% մասնաբաժին։
Մասդարի նվիրաբերած գումարն ամբողջությամբ ուղղվելու է կնքված պայմանագրով սահմանված՝ համայնքներում տնտեսական և սոցիալական ծրագրերի իրականացմանը՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջազգային պրակտիկայի լավագույն չափանիշների համաձայն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







